2025թ. հանրահասանելիության շաբաթվա թեման՝ «Ու՞մ է պատկանում մեր գիտելիքը»

Միջազգային հանրահասանելիության շաբաթվա այս տարվա թեման է՝ «Ու՞մ է պատկանում մեր գիտելիքը» (հոկտեմբերի 20-26)։ 2025 թվականի թեման կարևոր հարց է այն մասին, թե խառնաշփոթ այս ժամանակաշրջանում ինչպես կարող են համայնքները վերականգնել վերահսկողությունը իրենց ստեղծած գիտելիքի նկատմամբ։ Այն մարտահրավեր է նետում մեզ՝ մտորելու ոչ միայն այն մասին, թե ով ունի կրթության և հետազոտության հասանելիություն, այլ նաև, թե ինչպես է ստեղծվում և տարածվում գիտելիքը, որտեղից է այն եկել, ում ձայներն են լսելի և արժևորված ։

Այս թեման շարունակությունն է նախորդ երկու տարիների ընթացքում ծավալված քննարկումների, նախաձեռնությունների և գործողությունների, որոնք կենտրոնացած էին «Համայնքը՝ առևտրայնացման փոխարեն» գաղափարի վրա։ Այս ընթացքում մենք զգալի առաջընթաց ենք գրանցել այս ուղղությամբ: Համայնքամետ մոտեցումները, ինչպիսիք են Diamond OA-ն և Subscribe to Open (S2O), զգալիորեն ընդլայնվել են: Բազմաթիվ խմբագրական խորհուրդներ հրաժարվել են կոմերցիոն հրատարակչական կազմակերպություններից՝ վերականգնելով իրենց գիտական պարբերականների նկատմամբ վերահսկողությունը։ Շատ ինստիտուտներ հրաժարվում են մասնավոր տվյալների բազաներից և դասախոսական կազմի գնահատման չափանիշներից, որոշ կառույցներ վերանայում են գրախոսման, առաջխաղացման և պաշտոնավարման քաղաքականությունը՝ շեշտը դնելով գիտելիքի համատեղ օգտագործման վրա։ Աճում է այն ըմբռնումը, որ հետազոտական տվյալները և արդյունքները միշտ չէ, որ պատկանում են միայն հետազոտողներին։ Հաճախ դրանք կարող են տարածվել կամ նույնիսկ վերահսկվել իրենց հետազոտության մասնակիցների կողմից։

Նույնիսկ այս առաջընթացի պայմաններում, ի հայտ եկող ռիսկերը սպառնում են առևտրայնացումը գերադասել հանրության շահերից։ Արհեստական բանականության մոդելներ վարժեցնելու համար ակադեմիական գիտելիքները հավաքագրելու և ԱԲ-ն ակադեմիական գործընթացներում ինտեգրելու շտապողականությունը՝ հաճախ առանց համապատասխան խորհրդակցության կամ հեղինակների համաձայնության՝ սպառնում է խաթարել գիտելիքահենք համակարգերը: Ֆիզիկական գրադարանային միջավայրում անհնարին համարվող հսկողությունը այժմ կանոնավոր կերպով իրագործվում է որոշ հրատարակչական հարթակների միջոցով: Այնուամենայնիվ, համայնքային սեփականությամբ, համայնքի առաջնորդությամբ և ոչ առևտրային սկզբունքներով մոտեցումները, որոնք ներկայացրել են UNESCO-ի հանրահասանելի գիտության առաջարկը և Տոլուկա-Քեյփթաունի հռչակագիրը, հնարավորություն են տալիս խուսափել այս ռիսկերից ապագայում, երբ անհատներն ու հանրությունը կտիրապետեն իրենց գիտելիքին և օգուտ կքաղեն դրանից։

Հանրահասանելիության շաբաթ 2025-ը կանցկացվի հոկտեմբերի 20-26-ը, սակայն խրախուսելի է նաև թեմայի շուրջ քննարկումներ անցկացնել և գործունեություն ծավալել ողջ տարվա ընթացքում։ Համայնքները կարող են տեղայնացնել թեման լոկալ խնդիրներին համապատասխան և կենտրոնանալ առավել կարևոր քննարկումների վրա։ Տեղայնացված թեմաների տարածմանն աջակցելու համար հասանելի են շաբաթվա վերաբերյալ կարգավորվող գրաֆիկական ձևանմուշներ ։

Այս հայտարարության տարալեզու թարգմանությունները, այս տարվա թեմայի վերաբերյալ գրաֆիկական նյութերը և այլ տեղեկատվություն կարելի է գտնել openaccessweek.org կայքում: Շաբաթվա պաշտոնական հեշթեգն է #OAWeek։

SPARC-Ի ՄԱՍԻՆ

SPARC-ը շահույթ չհետապնդող իրավապաշտպան կազմակերպություն է, որն աջակցում է հանրահասանելի հետազոտական և կրթական համակարգերին։ Մենք համոզված ենք, որ յուրաքանչյուր մարդ մեր աշխարհը ձևավորող գիտելիքից ազատ օգտվելու և նրանում սեփական ներդրումն ունենալու հնարավորություն պետք է ունենա։ Միջազգային հանրահասանելիության շաբաթը ստեղծվել է SPARC-ի և գործընկերների կողմից 2008-ին ուսանողական համայնքում։ Ավելին՝ sparcopen.org կայքում։

ՀԱՆՐԱՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹՎԱ ՄԱՍԻՆ

Հանրահասանելիության շաբաթը հիանալի հնարավորություն է գիտելիքի անխափան տարածման համաշխարհային շարժումը կապել մարդկության վրա ներազդող փոփոխությունների և սոցիալական խնդիրների հետ։

Միջոցառմանը մասնակցում են անհատներ, հաստատություններ և կազմակերպություններ, իսկ կազմակերպման կառավարումը իրականացնում է խորհրդատվական հանձնաժողովը։ Հանրահասանելիության շաբաթվա պաշտոնական հեշթեգն է #OAweek ։

Previous
Previous

العربية

Next
Next

čeština