Հանրահասանելիության միջազգային շաբաթվա (հոկտեմբերի 19-25) այս տարվա թեման է «Գիտելիքի արժեքը»։

Մենք ստեղծում և տարածում ենք գիտելիքը՝ ի նպաստ մարդու իմացության և բարօրության։ Մենք գիտենք, որ գիտելիքի հասանելիություն և այն տարածելու հնարավորություն ունենալը մարդու իրավունքն է։ Այնուամենայնիվ, գիտելիքի հասանելիությունն ու այն տարածելու արժեքը շարունակում է աճել, հաճախ՝ էականորեն։ Ինչու՞։ Ո՞վ է շահում դրանից։

Գիտելիքի բոլոր բաղադրիչների համախմբման և առևտրային վերահսկողության աճն իր գինն ունի։ Այս տարվա թեման ստիպում է մեզ հաշվի առնել գիտելիքի ստեղծման, տարածման և պահպանման ֆինանսական, մարդկային և շրջակա միջավայրի ծախսերը, հատկապես երբ այդ ծախսերը պայմանավորված են մասնավոր, ոչ թե հանրային շահերով։ Անցյալ տարվա՝ «Ու՞մ է պատկանում մեր գիտելիքը» թեման ցվույց տվեց այն իրականությունը, որտեղ գիտելիքը դիտվում է որպես առևտրային սեփականություն։ Այս տարվա թեման կանդրադառնա այդ իրականության ծախսերին և կփորձի գտնել հանրային շահին ծառայող համակարգերի նկատմամբ վերահսկողությունը վերականգնելու ուղիներ։

Սակայն խնդիրը շատ ավելի խորն է, քան ամսագրերի բաժանորդագրությունների թանկացումը և հոդվածների հրատարակման վճարները։ Ի՞նչ արժեք ունեն հեղինակների, գրախոսների և խմբագիրների կողմից հրատարակությունների համար ներդրած ժամանակն ու ջանքերը, ու՞մ շահերին է ծառայում այս անհատույց աշխատանքը։ Ի՞նչ արժե գիտելիքի ստեղծման, տարածման և պահպանման արդար մասնակցությունից աշխարհի բնակչության մեծ մասին անտեսելը կամ բնիկների տվյալների ինքնիշխանությունը չճանաչելը։ Ինչու՞ են հետազոտողների աշխատանքները արտոնագրվում մասնավոր ԱԲ-ի ուսուցման համար առանց նրանց համաձայնության կամ փոխհատուցման, և ինչու՞ են գիտելիքների փոխանակման հարթակները այժմ հաճախ վերահսկում օգտվողներին։ Ի՞նչ արժե մարդկանց՝ էլեկտրաէներգիայի և ջրի կարիքների փոխարեն առաջնահերթությունը տվյալների կենտրոններին տալը։

Այս իրադրությունն արդար չէ։ Այն երբեք էլ արդար չի եղել, և դրա շարունակականությունը չեզոք չէ։ Իրենց համայնքների լավագույն շահերին ծառայող գիտելիքների փոխանակման համակարգեր կառուցելը պահանջում է այդ համակարգերի նկատմամբ անհատական և կոլեկտիվ հանձնառություն։

Բարեբախտաբար, կան բազմաթիվ օրինակներ, թե մենք ինչպես կարող ենք ստեղծել, պահպանել և տարածել գիտելիքը՝ ի շահ հանրության։ Զարգանում է մի մոտեցում, որը բնիկների տվյալների ինքնիշխանությունից մինչև անվճար, ոչ առևտրային և համայնքակենտրոն հրատարակչական կայուն մոդելները դիտարկում է որպես ընդհանուր բարիք, ոչ թե որպես շահագործվող ապրանք։ Այս մոտեցումների կարևորությունը ճանաչվել է 193 երկրների կողմից՝ ընդունելով UNESCO-ի հանրահասանելի գիտության առաջարկը։ Հանրահասանելիության միջազգային շաբաթը լավ առիթ է խոսքից գործի անցնելու և խթանելու փոփոխությունները դեպի գիտելիքների փոխանակման այնպիսի ձևեր, որոնք հարգում են այն պատճառները, որոնց համար մենք ի սկզբանե ստեղծում ենք գիտելիքը։

2026թ. Հանրահասանելիության շաբաթը կանցկացվի հոկտեմբերի 19-25-ը, սակայն խրախուսելի է նաև թեմայի շուրջ քննարկումներ անցկացնել և գործունեություն ծավալել ողջ տարվա ընթացքում։ Համայնքները կարող են տեղայնացնել թեման լոկալ խնդիրներին համապատասխան և կենտրոնանալ առավել կարևոր քննարկումների վրա։ Տեղայնացված թեմաների տարածմանն աջակցելու համար հասանելի են շաբաթվա վերաբերյալ կարգավորվող գրաֆիկական ձևանմուշներ ։

Այս հայտարարության տարալեզու թարգմանությունները, այս տարվա թեմայի վերաբերյալ գրաֆիկական նյութերը և այլ տեղեկատվություն կարելի է գտնել openaccessweek.org կայքում: Շաբաթվա պաշտոնական հեշթեգն է #OAWeek։

SPARC-Ի ՄԱՍԻՆ

SPARC-ը շահույթ չհետապնդող իրավապաշտպան կազմակերպություն է, որն աջակցում է հանրահասանելի հետազոտական և կրթական համակարգերին։ Մենք համոզված ենք, որ յուրաքանչյուր մարդ մեր աշխարհը ձևավորող գիտելիքից ազատ օգտվելու և նրանում սեփական ներդրումն ունենալու հնարավորություն պետք է ունենա։ Միջազգային հանրահասանելիության շաբաթը ստեղծվել է SPARC-ի և գործընկերների կողմից 2008-ին ուսանողական համայնքում։ Ավելին՝ sparcopen.org կայքում։

ՀԱՆՐԱՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹՎԱ ՄԱՍԻՆ

Հանրահասանելիության շաբաթը հիանալի հնարավորություն է գիտելիքի անխափան տարածման համաշխարհային շարժումը կապել մարդկության վրա ներազդող փոփոխությունների և սոցիալական խնդիրների հետ։

Միջոցառմանը մասնակցում են անհատներ, հաստատություններ և կազմակերպություններ, իսկ կազմակերպման կառավարումը իրականացնում է խորհրդատվական հանձնաժողովը։ Հանրահասանելիության շաբաթվա պաշտոնական հեշթեգն է #OAweek ։

Previous
Previous

Arabic

Next
Next

Azerbaijani